Մատակարարման շղթայի կառավարում
 

Մատակարարման շղթայի կառավարում

Ներածություն

Եթե ընկերությունն արտադրանք է ստեղծում մատակարարներից գնված մասերից, և այդ արտադրանքը վաճառվում է հաճախորդներին, ապա ընկերությունն ունի մատակարարման շղթա: Որոշ մատակարարման շղթաներ պարզ են, սակայն առկա են մատակարարման շղթաններ, որոնք բավականին բարդ են: Մատակարարման շղթայի բարդությունը տարբեր է կապված բիզնեսի չափի և արտադրվող առարկաների բարդության ու քանակի հետ: Մատակարարման շղթայի կառավարման հապավումն է ՄՇԿ:

 

Մատակարարման շղթայի կառավարումը փոխկապակցված բիզնես ընկերությունների ցանցի կառավարում է, որոնք ներգրավված են հաճախորդի կողմից պահանջվող արտադրանքի և ծառայության փաթեթների վերջնական տրամադրման գործընթացում: Մատակարարման շղթայի կառավարումն ընդգրկում է չմշակված հումքի ողջ տեղաշարժը և պահպանումը, արտադրական գույքացուցակը և պատրաստ ապրանքները ծագումից մինչև սպառում (մատակարարման շղթա):

 

Ի՞նչ է մատակարարման շղթայի կառավարումը

Մատակարարման շղթայի կառավարումը (ՄՇԿ) գործընթաց է, որն օգտագործում են ընկերությունները, որպեսզի ապահովեն, որ իրենց մատակարարման շղթան արդյունավետ և խնայողական լինի: Մատակարարման շղթան քայլերի հավաքածու է, որոնք ընկերությունը ձեռնարկում է հումքի բաղադրիչները վերջնական արտադրանքի վերածելու, փոխակերպելու համար: Մատակարարման շղթայի կառավարման հինգ հիմնական բաղադրիչներները հետևյալն են`

 

1. Պլանավորում

2. Մշակում

3. Ստեղծում

4. Տրամադրում

5. Վերադարձ

 

Պլանավորում

Մատակարարման շղթայի կառավարման առաջին փուլը հայտնի է որպես պլանավորում: Հարկավոր է մշակել պլան կամ ռազմավարություն, որպեսզի ամրագրվի թե ինչպես տվյալ արտադրանքը կամ ծառայությունը պետք է բավարարի հաճախորդների կարիքներին: Ռազմավարության զգալի մասը պետք է կենտրոնացնել շահութաբեր մատակարարման շղթայի պլանավորման գործընթացին:

 

Սա մատակարարման շղթայի կառավարման ռազմավարական մասն է: Ընկերություններին անհրաժեշտ է ռազմավարություն, որը հնարավորություն կտա կառավարել բոլոր ռեսուրսները, որոնք ուղղված են հաճախորդների` իրենց արտադրանքի կամ ծառայության նկատմամբ պահանջները բավարարելուն: Մատակարարման շղթայի կառավարման պլանավորման մեծ մասը ցուցիչների ամբողջություն մշակելն է` մատակարարման շղթան վերահսկելու համար, որպեսզի այն լինի արդյունավետ, արժենա ավելի քիչ և հաճախորդներին տրամադրի բարձր որակ և արժեք:

 

Մշակում

Մշակումը մատակարարման շղթայի կառավարման հաջորդ փուլն է: Այն ներառում է ամուր հարաբերությունների ստեղծում այն մատակարարների հետ, ովքեր հումք են մատակարարում, որն անհրաժեշտ է ընկերության կողմից տրամադրվող արտադրանքը ստեղծելու համար: Այս փուլը ներառում է ոչ միայն վստահելի մատակարարների որոշումը, այլև բեռնափոխադրումների, տրամադրման և վճարման համար մեթոդների պլանավորումը:

 

Ընկերությունները պետք է ընտրեն այն մատակարարներին, ովքեր կտրամադրեն արտադրանքներ և ծառայություններ, որոնք նրանց անհրաժեշտ են իրենց արտադրանքը ստեղծելու համար: Հետևաբար, մատակարարման շղթայի ղեկավարները մատակարարների հետ պետք է մշակեն գնագոյացման, տրամադրման և վճարման գործընթացների ամբողջություն և ստեղծեն ցուցիչներ հարաբերությունները դիտարկելու և բարելավելու համար: Այնուհետև, ՄՇԿ ղեկավարները կարող են միավորել իրենց ապրանքների և ծառայությունների գույքագրման կառավարման գործընթացները, այդ թվում` բեռնափոխադրումների ընդունումը և ստուգումը, դրանց փոխադրումը արտադրական ձեռնարկություններ և մատակարարների վճարումների վավերացումը:

 

Ստեղծում

Երրորդ` ստեղծման, փուլում արտադրանքը արտադրվում, փորձարկվում, փաթեթավորվում և պլանավորվում է տրամադրման համար: Սա արտադրական քայլ է: Մատակարարման շղթայի կառավարիչները պլանավորում են գործողությունները, որոնք անհրաժեշտ են արտադրության, փորձարկման, փաթեթավորման և տրամադրման պատրաստման համար: Սա մատակարարման շղթայի ամենա ինտենսիվ չափվող (metric-intensive) մասն է, որտեղ ընկերությունները ի վիճակի են չափել որակի մակարդակները, արտադրության ելքային արդյունքը և աշխատողների արտադրողականությունը:

 

Տրամադրում

Այնուհետև, լոգիստիկայի (logistics) փուլում, ընդունվում են հաճախորդների պատվերները և պլանավորվում է արտադրանքների տրամադրումը: Մատակարարման շղթայի կառավարման այս չորրորդ փուլը համապատասխանաբար անվանվում է տրամադրում:

 

Սա այն մասն է, որին մատակարարման շղթայի կառավարման մասնակիցներից շատերը վերաբերվում են որպես լոգիստիկայի (logistics), որտեղ ընկերությունները համակարգում են հաճախորդների պատվերների ընդունումը, մշակում են պահեստների ցանց, ընտրում են առաքիչներ արտադրանքը հաճախորդներին հասցնելու համար և ստեղծում են հաշիվ - ապրանքագրի համակարգ վճարումներն ընդունելու համար:

 

Վերադարձ

Մատակարարման շղթայի կառավարման վերջին փուլը կոչվում է վերադարձ: Ինչպես ենթադրում է անունը, այս փուլում հաճախորդները կարող են վերադարձնել թերի արտադրանքը: Այս փուլում ընկերությունը նաև արձագանքում է հաճախորդների հարցերին:

 

Բազմաթիվ ընկերությունների համար սա կարող է լինել մատակարարման շղթայի խնդրահարույց մասը: Մատակարարման շղթայի պլանավորողները պետք է ստեղծեն արձագանքող և ճկուն ցանց թերի և հավելյալ արտադրանքները իրենց հաճախորդներից ետ ստանալու և տրամադրված արտադրանքների հետ խնդիրներ ունեցող հաճախորդներին աջակցելու համար:

 

Որպեսզի ապահովեն, որ մատակարարման շղթան գործի հնարավորինս արդյունավետ և ստեղծի հաճախորդների բավարարվածության ամենաբարձր մակարդակ ամենացածր գնով, ընկերություններն ընդունել են մատակարարման շղթայի կառավարման գործընթացները և հարակից տեխնոլոգիաները: Մատակարարման շղթայի կառավարումն ունի գործունեության երեք մակարդակ, որոնց վրա կկենտրոնանան ընկերության տարբեր մասերը` ռազմավարական, մարտավարական և գործառնական:

 

Ռազմավարական

Այս մակարդակում, ընկերության ղեկավարությունը դիտարկում է բարձր մակարդակի ռազմավարական որոշումներ, որոնք վերաբերում են ամբողջ կազմակերպությանը, ինչպես օրինակ` արտադրական վայրերի չափերին և դիրքերին, մատակարարների հետ համագործակցությանը, արտադրանքին, որը պետք է արտադրվի և իրացման շուկաներին:

Ռազմավարական գործունեությունը ներառում է մատակարարների և հաճախորդների հետ հարաբերությունների ստեղծում և մատակարարման շղթայի շրջանակներում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ինտեգրում:

 

Մարտավարական

Մարտավարական որոշումները կենտրոնանում են միջոցների ընդունման վրա, որոնք կստեղծեն արժեքի առավելություններ, ինչպիսիք են` արդյունաբերության լավագույն փորձերի (գործելակարգերի) օգտագործումը, նախընտրած մատակարարների հետ ձեռքբերման ռազմավարության մշակումը, բեռնափոխադրման (logistics) ընկերությունների հետ համագործակցությունը ծախս-արդյունավետ փոխադրումներ զարգացնելու համար և պահեստային ռազմավարությունների մշակումը պահպանման և առաքման ծախսերը նվազեցնելու համար:

 

Արտադրության և տրամադրման վերաբերյալ մրցակիցների ուսումնասիրության և որոշումների կայացման գործընթացը կդասվի մարտավարական կատեգորիայում:

 

Գործառնական

Այս մակարդակում որոշումներն ամեն օր են կայացվում այն բիզնես ընկերություններում, որոնք ազդում են այն հանգամանքի վրա, թե ինչպես է արտադրանքը շարժվում մատակարարման շղթայով: Գործառնական որոշումները ներգրավում են արտադրության ժամանակացույցի հետ կապված փոփոխությունների կատարում, մատակարարների հետ ձեռքբերման համաձայնագրերի կնքում, հաճախորդներից պատվերների ընդունում և պահեստում արտադրանքի տեղաշարժում:

 

Գործառնական կատեգորիան ընդգրկում է մատակարարման շղթայի ամենօրյա կառավարումը, այդ թվում` արտադրության ժամանակացույցի ստեղծումը:

 

Ի՞նչ է անում մատակարարման շղթայի կատավարման ծրագրային ապահովումը

Մատակարարման շղթայի կառավարման ծրագրային ապահովումը հավանաբար ծրագրային ապահովման կիրառական ծրագրերի առավել բեկված (fractured) խումբն է մոլորակի վրա: Նախապես ուրվագծված մատակարարման շղթայի հինգ հիմնական քայլերից յուրաքանչյուրը բաղկացած է մի քանի տասնյակ որոշակի առաջադրանքներից, որոնցից շատերն ունեն իրենց հատուկ ծրագրային ապահովումը:

 

Որոշ մատակարարներ ծրագրային ապահովման այդ տարբեր մասերից շատերը միավորել են մեկ «տանիքի» տակ, բայց ոչ ոք չունի ամբողջական փաթեթ, որը ճիշտ է յուրաքանչյուր ընկերության համար:

 

Հարկ է նշել, որ հին առակն այն մասին, որ համակարգերը միայն այնքանով են լավը, որքանով այն տեղեկատվությունը, որը պարունակում են, կրկնակի է վերաբերում մատակարարման շղթայի կառավարմանը: Եթե պահանջարկի կանխատեսման կիրառական ծրագիր մուտքագրված տեղեկատվությունը ճշգրիտ չէ, ապա արդյունքում կստացվի սխալ կանխատեսում: Նմանապես, եթե աշխատակիցները շրջանցում են մատակարարման շղթայի համակարգերը և փորձում են ղեկավարել այսպես ասած ձեռքով կատարվող աշխատանքի միջոցով, ապա նույնիսկ ամենաթանկ համակարգերը կապահովեն թերի պատկերացում այն մասին, թե ինչ է կատարվում ընկերության մատակարարման շղթայում:

 

Ինչպիսի՞ն է ՁՌՊ, ՀՀՀԿ և ՄՇԿ միջև հարաբերությունը

ՄՇԿ շատ կիրառական ծրագրեր կախված են տեղեկատվության այն տեսակից, որը պահվում է ձեռնարկության ռեսուրսների պլանավորման (ՁՌՊ) ծրագրային ապահովման տեղեկատվական շտեմարանում, և որոշ դեպքերում, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (ՀՀՀԿ) որոշ փաթեթներից:

 

Տեսականորեն ընկերությունը կարող է հավաքագրել տեղեկատվություն, որն անհրաժեշտ է նրան, որպեսզի սնի, մատակարարի ՄՇԿ կիրառական ծրագրերը իրավական համակարգերից (ընկերությունների մեծ մասի համար սա նշանակում է Excel աղյուսակների սփռվածություն ամբողջ տարածքով), սակայն այդ տեղեկատվության ստացման փորձը կարող է մղձավանջային լինել, քանզի այդ տեղեկատվությունը ընկերության բոլոր ոլորտներից հոսում է արագ:

 

ՁՌՊ այսպես կոչված պարսպակործան գործիք (battering ram) է, որն ինտեգրում է ամբողջ տեղեկատվությունը մեկ կիրառական ծրագրի շրջանակում և Մատակարարման շղթայի կառավարման կիրառական ծրագրերը շահում են միակ հիմնական աղբյուր ունենալու հանգամանքից, որին կարող են դիմել արդիական տեղեկատվություն ստանալու համար:

 

Տեղեկատվության տնօրենների մեծամասնությունը, ովքեր փորձել են տեղակայել ՄՇԿ կիրառական ծրագրեր, ասում են, որ ուրախ են, որ առաջինը ներդրել են ՁՌՊ: Նրանք ՁՌՊ նախագծերն անվանում են «տեղեկատվական գրասենյակի կարգավորում»: Իհարկե, ՁՌՊ թանկ և դժվար է, այսպիսով կարող եք ուսումնասիրել ուղիներ ընկերության ՄՇԿ կիրառական ծրագրերը սնելու այն տեղեկատվությամբ. որը նրանց հարկավոր է, եթե առաջինը ՁՌՊ չի ներդրվում:

 

Այսօր, ՁՌՊ մատակարարների մեծ մասն ունի ՄՇԿ մոդուլներ, այսպիսով ՁՌՊ նախագծի իրականացումը կարող է մեկ հարվածով երկու նապաստակ սպանելու ճանապարհ լինել: Բացի այդ, ընկերությունների ներսում ՀՀՀԿ համակարգերի աճն ու կարևորությունը այսօր նույնիսկ ավելի մեծ ճնշում է գործադրում ընկերության վրա, որպեսզի այն ինտեգրի ձեռնարկության բոլոր ծրագրային փաթեթները: Ընկերությունները պետք է որոշեն, թե արդյոք այս լուծումները համապատասխանում են իրենց կարիքներին, թե նրանց անհրաժեշտ է առավել մասնագիտացված համակարգ:

 

Կիրառական ծրագրերը, որոնք պարզապես ավտոմատացնում են ՄՇԿ լոգիստիկայի (logistics) ասպեկտները, մոտեցումնները ավելի անկախ են ընկերության մասին տեղեկատվության հավաքագրման գործընթացից, այնպես որ նրանք հակված են անկախ լինել ՁՌՊ որոշումներից: Բայց հնարավորություններն այնպիսին են, որ ընկերությունների համար անհրաժեշտ է, որեպսզի այս կիրառական ծրագրերը որևէ ձևով հաղորդակցվեն ՁՌՊ հետ:

 

Կարևոր է ուշադրություն դարձնել համացանցի (ինտերնետի) և ՁՌՊ կիրառական ծրագրերի հետ ինտեգրվելու ծրագրային ապահովման կարողությանը, որովհետև համացանցը կխթանի ինտեգրված, ամբողջական տեղեկատվության պահանջարկը:

 

Օրինակ, եթե ընկերությունը ցանկանում է ստեղծել մասնավոր վեբկայք իր հաճախորդների, պատվիրատուների և մատակարարների հետ հաղորդակցվելու համար, ընկերությունը նաև կցանկանա միավորել ՁՌՊ և մատակարարման շղթայի կիրառական ծրագրերի շրջանակում առկա տեղեկատվությունը` պատվերների, վճարումների, արտադրության կարգավիճակի և տրամադրման վերաբերյալ թարմացված տեղեկատվության ներկայացման համար:

 

Ո՞րն է մատակարարման շղթայի կառավարման ծրագրային ապահովման տեղակայման նպատակը

Մինչև համացանցի (ինտերնետի) ի հայտ գալը, մատակարարման շղթայի ծրագրային ապահովման նվիրյալները ձգտում էին միայն բարելավել հաճախորդների պահանջները կանխատեսելու իրենց ունակությունները և ավելի հարթ աշխատեցնել սեփական մատակարարման շղթաները: Բայց համացանցի (ինտերնետի) էժան, մատչելի, համատարած բնույթը, նրա պարզ, համընդհանուր ընդունված հաղորդակցման չափորոշիչների հետ մեկտեղ, ընդլայնել է նրա բնույթը:

 

Այժմ, ընկերություններն իրենց մատակարարման շղթան կարող են միավորել իրենց մատակարարների և հաճախորդների մատակարարման շղթաների հետ մեկ լայնարձակ ցանցի միջոցով, որն օպտիմալացնում է ծախսերը և հնարավորությունները ներգրավված բոլոր կողմերի համար: Սա էր B2B պայթյունի պատճառը` այն գաղափարի, որ բոլորը, ում հետ ընկերությունը բիզնես գործունեություն է ծավալում, կարող են միավորվել այսպես կոչված մի մեծ երջանիկ, համատեղ ընտանիքում:

 

Իհարկե, իրականությունն այնքան երջանիկ և համագործակցային չէ: Բայց այսօր շատ ընկերություններ իրենց մատակարարման շղթայի գործընկերների հետ առնվազն կիսում են որոշ տվյալներ: Այս նախագծերի նպատակը մատակարարման շղթայի առավել մեծ տեսանելիությունն է: Ոլորտների մեծ մասում մատակարարման շղթան նման է մեծ քարտային խաղի` խաղացողները չեն ցանկանում ցույց տալ իրենց խաղաքարտերը, որովհետև տեղեկատվությունը չեն վստահում ուրիշ որևէ մեկին, սակայն եթե նրանք ցույց տային իրենց քարտերը, նրանք բոլորն էլ կարող էին օգուտ քաղել:

 

Մատակարարները ստիպված չէին լինի կռահել, թե որքան հումք պատվիրել, իսկ արտադրողները ստիպված չէին լինի մատակարարներից պատվիրել ավելի քան նրանց հարկավոր է, համոզված լինելու համար, որ իրենք բավարար հումք ունեն ձեռքի տակ, եթե իրենց արտադրանքի պահանջարկն անսպասելիորեն մեծանա: Իսկ մանրածախ առևտրականները կունենային ավելի քիչ դատարկ դարակներ, եթե նրանք արտադրողի հետ կիսեին իրենց ունեցած տեղեկատվությունն արտադրողի արտադրանքի վաճառքի վերաբերյալ իրենց բոլոր խանութներում:

 

Համացանցը (Ինտերնետը) հնարավորություն է ընձեռնում խաղաքարտերն ուրիշներին ցույց տալու համար, սակայն դարերի անվստահությունը և արդյունաբերության շրջանակներում համակարգման բացակայությունը դժվարեցնում է այդ ամենը:

 

Ճիշտ ժամանակին վճարման և մատակարարման շղթայի ճշգրիտ տեղեկատվության առկայությունը հնարավորություն է տալիս ստեղծել կամ փոխադրել միայն այնքան արտադրանք, որքան որ շուկայի պահանջարկն է: Սա փորձ (գործելակարգ) է, որը հայտնի է որպես հենց ճիշտ ժամանակին արտադրություն (just-in-time manufacturing), ինչն ընկերություններին մի կողմից թույլ է տալիս նվազեցնել գույքագնման գումարը (ազատվում է ավելորդ ապրանքի պահեստավորումից), որ նրանք նախկինում կատարում էին և մյուս կողմից կառավարում է տվյալ պահին պահանջարկ չունեցող ապրանքի չթողարկման կամ քիչ քանակով թողարկման և առաքման գործընթացը: Սա կարող է զգալիորեն նվազեցնել ծախսերը, քանի որ այլևս կարիք չկա վճարել հավելյալ արտադրանք արտադրելու և պահպանելու համար: Սակայն շատ ընկերություններ և նրանց մատակարարման շղթայի գործընկերներ շատ երկար ճանապարհ պետք է անցնեն, մինչև որ հասնեն մատակարարման շղթայի ճկունության այս մակարդակին:

 

Մատակարարման շղթայի կառավարման հիմնական հնարավորությունները

Մատակարարման շղթայի ծրագրային ապահովումը հուսալի, տեխնոլոգիական հնարավորություններով հարուստ ծրագրային ապահովում է, որը խթանում է գործառնությունները սկզբից մինչև վերջ:

 

Այսօրվա մատակարարման շղթայի հայտնի ծրագրային ապահովումները կարող են օգնել ընկերություններին ձեռք բերել և պահպանել մրցունակություն` լիազորելով նրանց վերակազմավորել և հզորացնել իրենց մատակարարման շղթայի ամենակարևոր գործառնությունները սկզբից մինչև վերջ: Երբ մատակարարման շղթայի ծրագրային ապահովումը գործարկվում է, կազմակերպությունները կարող են առավելագույնի հասցնել ծախսերի արդյունավետությունը, բարձրացնել արտադրողականությունը, և խթնել նրա պրակտիկ օգտագործումը:

 

Այս գործառութային մոդուլը նախագծված է մատակարարման շղթայի գործընթացները լիովին ավտոմատացնելու և դրանց սկզբից մինչև վերջ աջակցելու համար, և ներառում է`

 

Գույքագրման կառավարում

Մատակարարման շղթայի փաթեթի առկայության դեպքում ընկերությունները կարող են զգալիորեն բարելավել այն ճանապարհը, որով նրանք վերահսկում և կառավարում են արտադրության համար իրենց անհրաժեշտ հումքի և բաղադրիչների պաշարների մատակարարներին, պատրաստի ապրանքները` բաց վաճառքի պատվերներին բավարարելու համար, և պահեստամասերը, որոնք անհրաժեշտ են ոլորտի սպասարկման և աջակցության համար: Սա վերացնում է ավելցուկը և թափոնները, ազատում է արժեքավոր անշարժ գույքն այլ կարևոր նպատակների համար և նվազագույնի է հասցնում հարակից պահպանման ծախսերը:

 

Պատվերի կառավարում

Մատակարարման շղթայի ծրագրային ապահովումը կարող է զգալիորեն արագացնել ամբողջ պատվեր-տրամադրում ցիկլի կատարումը, օգնելով ընկերություններին ավելի արդյունավետորեն ստեղծել և հետևել վաճառքի պատվերներին: Մատակարարման շղթան նաև հնարավորություն է տալիս մատակարարների առաքումների դինամիկ պլանավորման համար` պահանջարկն առավել արդյունավետ բավարարելու նպատակով, և գնագոյացման և արտադրանքի փոխդասավորությունների (կոնֆիգուրացիաների) ավելի արագ ստեղծման համար:

 

Ձեռքբերում (Գնում)

Մատակարարման շղթայի ծրագրային փաթեթի առկայության դեպքում բոլոր գործողությունները և առաջադրանքները, որոնք կապված են սկզբնավորման, ձեռքբերման (գնման) և վճարման փաստաթղթերի հետ, կարող են լիովին ավտոմատացված և կարգավորված լինել ընկերության մատակարարման ողջ ցանցով մեկ: Արդյունքում, բիզնես ընկերությունները կարող են կառուցել ավելի ամուր հարաբերություններ մատակարարների հետ, ավելի լավ գնահատել և կառավարել իրենց կատարած աշխատանքներն, ինչպես նաև բարելավել բանակցությունները` ծավալը կամ հիմնական զեղչերը և այլ ծախսերը կրճատող միջոցները արդյունավետ օգտագործելու համար:

 

Լոգիստիկա

Երբ ընկերություններն ընդլայնվում են աշխարհում, նրանց մատակարարման շղթաները դառնում են ավելի ու ավելի բարդ: Ինչը բազմաթիվ պահեստների և ներգրավված փոխադրամիջոցների ուղիների համակարգումը դարձնում է բավական դժվար նախաձեռնություն, առանց մատակարարման շղթայի ծրագրային ապահովման առկայության: Մատակարարման շղթայի առկայության դեպքում, ձեռնարկությունները կարող են բարելավել ժամանակին տրամադրման կատարումը և բարձրացնել հաճախորդների բավարարվածությունը` հասնելով ամբողջական պատկերի, թե ինչպես են պատրաստի արտադրանքները պահպանվում և բաշխվում` անկախ ձեռնարկությունների կամ մասնակցող գործընկերների թվից:

 

Կանխատեսում և պլանավորում

Մատակարարման շղթայի ծրագրային ապահովման առկայության դեպքում, կազմակերպությունները կարող են ավելի ճշգրիտ կանխատեսել հաճախորդների պահանջները, և պլանավորել իրենց գնումները և արտադրական գործընթացները դրան համապատասխան: Արդյունքում, նրանք կարող են խուսափել հումքի նյութերի անհարկի ձեռքբերումից, վերացնել արտադրության գերծախսերը, և կանխել հավելյալ ապրանքները պահելու անհրաժեշտությունը, կամ իջեցնել գները, որպեսզի տեղափոխեն արտադրանքը պահեստի դարակներից դուրս:

 

Վերադարձի կառավարում

Մատակարարման շղթայի ծրագրային ապահովումը կարող է հեշտացնել և արագացնել թերի կամ կոտրված ապրանքների զննումը և մշակումը` ինչպես գնող, այնպես էլ վաճառող բիզնես կողմի համար, և ավտոմատացնել պահանջների մշակումը մատակարարների և առաքիչների, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների հետ:

 

Մատակարարման շղթայի շատ առաջարկներ ներառում են նաև հավելյալ հնարավորություններ կամ մոդուլներ, որոնք նախագծված են առնչվող գործունեությունը մեծացնելու, հզորացնելու համար: Այս հնարավորությունների միջոցով, աջակցություն է տրամադրվում մի շարք կարևոր գործընթացներին, ինչպիսիք են պայմանագրերի կառավարումը, արտադրանքի կենսափուլի կառավարումը, կապիտալ ակտիվների կառավարումը և այլն:

 

ՄՇԿ առավելությունները

Մատակարարման շղթայի ծրագրային ապահովումը բազմաթիվ առավելություններ է տրամադրում կազմակերպություններին` թույլ տալով նրանց բարելավել գործառնությունները սկզբից մինչև վերջ:

 

Մատակարարման շղթայի կառավարման ծրագրային ապահովման հիմնական առավելություններն են`

  • Մատակարարման շղթայի ցանցի բարելավում
  • Նվազագույնի հասցված ուշացումներ
  • Ուժեղացված համագործակցություն
  • Նվազեցված արժեք:

 

ՄՇԿ թերությունները

Մատակարարման շղթայի գլոբալ կառավարման ամենամեծ թերությունը ժամանակի, ֆինանսական միջոցների և ռեսուրսների խոշոր ներդրումն է, որն անհրաժեշտ է մատակարարման շղթան իրականացնելու և հսկելու համար:






 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals