Նախագծի ծայրահեղ կառավարում | IT Knowledge Portal
 

Նախագծի ծայրահեղ կառավարում

Ներածություն

Նախագծի ծայրահեղ կառավարումը( Extreme Project Management )մեթոդաբանություն է, որն օգտագործվում է նկարագրելու համար, թե ինչպես իրականացնել նախագծերը ժամանակին և տեղավորվել առկա բյուջեի շրջանակներում: Նախագծի ծայրահեղ կառավարումը վերաբերում է շատ բարդ և շատ անորոշ նախագծերի կառավարման մեթոդին: Այն տարբերվում է նախագծի ավանդական կառավարումից հիմնականում իր բաց, ճկուն և ոչ հստակ սահմանվածությամբ:

 

Նախագծի ծայրահեղ կառավարումը հիմնականում կենտրոնացած է նախագծի կառավարման մարդկային կողմի, գործոնի (օրինակ, նախագծի շահառուների կառավարում), և ոչ թե պլանավորման բարդ հնարքների և ծանր ձևապաշտության (ֆորմալիզմի) վրա: Այն համապատասխանում է ծայրահեղ ծրագրավորմանը (Extreme programming):

 

Նախագծի ծայրահեղ կառավարման ընդլայնված մոտեցումները օգտագործում են մարդկային փոխազդեցության կառավարման սկզբունքները` մարդկային համագործակցության բարդությունների հետ կապված խնդիրները լուծելու համար:

 

Ի՞նչ է նախագծի ծայրահեղ կառավարումը

Նախագծի կառավարման գործընթացում նախագծի շրջանակում առկա գործառութային մոդուլների ամբողջական ցանկը սահմանված է: Պատվիրատուները (Բիզնեսի սեփականատերերը) որոշում են, թե ինչն է ամենակարևորը և հատկապես, որ գործառութային մոդուլները պետք է մշակվեն և տրամադրվեն առաջինը: Եթե գործառութային մոդուլների մի մասի մշակման աշխատանքները չի կարող իրականացվել մի քանի շաբաթվա ընթացքում, ապա հարկավոր է նրանք ենթարկել հետագա մասնատման:

 

Օրինակ, «Ա գործառութային մոդուլի ինտերֆեյսի օգնությամբ մուտքագրեք և պահպանեք տվյալները» առաջադրանքը կարող է ավելի քան մի քանի շաբաթվա աշխատանքի արդյունք լինել: Այս առաջադրանքը ընդգրկում է հետևյալ քայլերը` օգտվողի գրաֆիկական ինտերֆեյսի (միջերեսի) (OԳԻ/GUI) մշակում, տվյալների պահպանման համար տվյալների շտեմարանի կառուցվածքի նախագծում` հնարավորինս ներառելով նախատեսված արժեքները` համապատասխան հաշվարկների կատարման և սխալների ուղղման աշխատանքները: Պարտադիր չէ` այս բոլոր քայլերը իրականացվեն միաժամանակ: Գործառութային մոդուլների աշխատանքները մասնատելով` առաջին առաջադրանքը կարող է լինել ՕԳԻ դիզայնի մշակումը, ապա տվյալները պահպանելու համար տվյալների շտեմարանի ստեղծումը: Լրացուցիչ քայլերը կարող են ներառել նաև հաշվարկների կատարումը և սխալների ուղղման արդյունքների հաստատումը: Գործընթացի վերջում, պատվիրատուներն ունեն անհրաժեշտ բոլոր գործառութային մոդուլները, բայց այն իրենց տրամադրվել է մաս-մաս:

 

Գործառութային մոդուլների մշակման աշխատանքները մաս-մաս իրականացնելը կարող է նաև ժամանակ խնայել: Երբ օգտվողները տեսնում են ՕԳԻ, նրանք կարող են սահմանել անհրաժեշտ այլ տեղեկություն կամ «այն, ինչ ցանկալի կլիներ ունենալ»: Այդ առաջարկները պետք է գրի առնվեն և պատվիրատուի կողմից պետք է սահմանվի դրանց կատարման առաջնահերթությունը բոլոր մյուս գործառութային մոդուլների մշակման հետ մեկտեղ: Այս մոտեցումը աշխատանքային խմբին թույլ է տալիս տեղում ճշգրտումներ կատարել, բայց չկորցնել ընդհանուր գործընթացի, ժամանակացույցի և նախագծի դրական արդյունքի ստացման և տրամադրման նկատմամբ վերահսկողությունը: 

 

Այս մոտեցման դեպքում ենթադրվում է, որ կլինեն ավելի շատ թողարկումներ, բայց անպայման չէ, որ այս հանգամանքը ազդի ընդհանուր ժամանակացույցի վրա: Քանի որ փորձարկման սցենարները (scripts), յուրաքանչյուր գործառութային մոդուլի համար, գրված են առանձին, ապա դրանց պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել և փորձարկման ընթացքում պետք է ապահովել ընդհանուր բարելավում: Սցենարները պետք է պահպանվեն և օգտագործվեն բոլոր կրկնվող քայլերի (իտերացիաների) դեպքում` նոր կրկնվող քայլերի սցենարների հետ մեկտեղ` ապահովելու և վստահ լիելու համար, որ ոչինչ չի խախտվել: Երբ սխալներ այնուամենայնիվ կատարվում են, վերլուծությունը, թե ինչն է հանդիսացել սխալի պատճառ, պետք է լինի պարզեցված, քանի որ վերջին թողարկումից հետո առկա են սահմանափակ քանակությամբ փոփոխություններ և լրացումներ:

 

Մինչդեռ ընթացիկ թողարկման աշխատանքը ընթացքի մեջ է, հաջորդ մեկ կամ երկու կրկնվող քայլերի համար գործառութային պահանջները պետք է լինեն շատ հստակ սահմանված: Այսպիսով արդյունքում ստեղծվում է գլորվող ալիքի կրկնվող փուլեր (ցիկլեր), որոնք ի վերջո պետք է բավարարեն նախագծի շրջանակին և նպատակներին:

 

Ե՞րբ օգտագործել նախագծի ծայրահեղ կառավարումը

Նախագծի ծայրահեղ կառավարումն ունի բազմաթիվ առավելություններ: Սակայն, ինչպես գրեթե ամեն ինչ, պետք է օգտագործել աշխատանքային ճիշտ գործիք: Եթե սահմանված է բարձր մակարդակի նախագիծ, որն ունի առանձնահատուկ բիզնես գործառութային մոդուլներ, պահանջներ և հստակ սահմանված շրջանակ ու նպատակներ, ապա կարելի է օգտագործել նախագծի ծայրահեղ կառավարման մոտեցումը:

 

Եթե փորձեր կատարվեն նախագծի ծայրահեղ կառավարումն օգտագործել ռազմավարական պլանավորման և նախագծի առաջնահերթության որոշման համար ապա այն անպայման կձախողվի: Քանի որ նախագծի ծայրահեղ կառավարման հիմնական նախադրյալը 2-ից 4 շաբաթվա ընթացքում գործառութային մոդուլների մշակումն ու տրամադրումն է, ուստի ռազմավարական պլանավորման և նախագծի առաջնահերթության որոշման համար այս մոտեցման օգտագործումը չի կարող արդյունավետ լինել:

 

Նախագծի ծայրահեղ կառավարումը լավագույնս աշխատում է մարտավարական մանրամասն աշխատանքի իրականացման ընթացքում, որն անհրաժեշտ է նախագիծն ավարտելու համար: Այս մոտեցումը կարելի է նաև օգտագործել նվազագույն փոփոխությունների կատարման ընթացքում, որոնք անհրաժեշտ են համակարգի սպասարկման և այլ առանձին աշխատանքների արտադրանքի համար: Հիշեք, որ այս մոտեցումը սահմանում է շատ հստակ արդյուքներ, որոնք պետք է ավարտվեն 2-ից 4 շաբաթվա ժամանակահատվածում:

 

Նախագծի ծայրահեղ կառավարումը իրականում նոր գաղափա՞ր է

Նախագծի կառավարման գիտելիքի մարմինը (PMBOK: Project Management Body of Knowledge) աջակցում է նախագծի ծայրահեղ կառավարմանը «առաջադեմ մշակում» կամ «արդիականացում» հասկացության միջոցով: Առաջադեմ նշանակում է «քայլերով առաջ գնացող, կայուն աճով շարունակվող»: Մշակում նշանակում է «խնամքով և մանրամասնորեն մշակված, լիովին զարգացած»: Նախագծի կառավարման գիտելիքի մարմին (PMBOK) ուղեցույցի ինը ոլորտները դեռևս կիրառվում են, երբ օգտագործում են նախագծի ծայրահեղ կառավարում, բայց գործառութային մոդուլի յուրաքանչյուր բաղադրիչի համար փուլի (ցիկլի) ժամանակը` տևողությունը, սեղմվում է մինչև մի քանի շաբաթ:

 

Նախագծի ծայրահեղ կառավարումը հաջողությամբ իրագործելու համար կարելի է հաշվի առնել ստորև նշված հիմնական չափանիշները և նկատառումները: Այս ցանկը չի սահմանափակվում այսքանով և այն կարող է ընդլայնվել.

  • Ի՞նչն է / ինչը չէ՞ ընգրկված նախագծի շրջանակում և յուրաքանչյուր կրկնվող քայլում:
  • Կորպորատիվ մշակույթը պետք է աջակցի այս մոտեցմանը:
  • Որակի համար հատուկ միջոցներ, չափանիշներ պետք է ձեռնարկվեն: Այդ չափանիշները պատվիրատուի, հաճախորդի կողմից դասվում են ըստ կարևորության և կարող են ներառել այնպիսիք ինչպեսք են շահագործման հարմարավետություն, հուսալիություն, արդյունավետություն, անվտանգություն, կրկին օգտագործման հնարավորություն և այլն:
  • Նախագծի աշխատանքային խմբի բոլոր անդամների միջև պետք է վստահություն հաստատված լինի:
  • Բիզնես խմբի անդամները կայացնում են բիզնես որոշումներ այն մասին, թե արդյունքում «ինչ» պետք է իրականացվի:
  • Տեխնիկական խմբի անդամները կայացնում են տեխնիկական որոշումներ, թե «ինչպես»  պետք է դա իրականացվի:
  • Հաղորդակցումն, ինչպես միշտ, հիմնական գործոնն է:

 

Այս գաղափարներն իսկապես նո՞ր են: Հաջողակ նախագծերը պահանջում են, որ նախագծի ղեկավարը լինի առաջնորդ և կառուցի, ստեղծի ամուր հարաբերություններ խմբի բոլոր անդամների հետ և նրանց միջև: Կորպորատիվ մշակույթը միշտ նպաստում է, թե որ մոտեցումը լավագույնս կաշխատի կազմակերպության համար: Ցանկացած հաջողված նախագծի համար շատ կարևոր է նախագծի շրջանակի սահմանումը, ինչպես նաև կոնկրետ, չափելի արդյունքների, որակի վերահսկման սահմանումը և առավել կարևոր է ամուր և մշտական հաղորդակցումը:

 

Ամփոփում

Հաշվի առնելով տեխնոլոգիաների և բիզնես ոլորտի կարիքների կտրուկ փոփոխությունը, հնարավոր չէ ճշգրիտ պլանավորել և նախապես հաստատել մի քանի ամիս տևողությամբ նախագծի ժամանակացույցը: Անկախ նախագծի ընդհանուր տևողությունից, գործառութային մոդուլների տրամադրումը յուրաքանչյուր մի քանի շաբաթը մեկ կօգնի պահպանել նախագիծը ճիշտ ուղղության վրա:

 

Այս մոտեցումը նաև օգնում է պատվիրատուին, հաճախորդին ներգրավել ամբողջ գործընթացում, քանի որ նրանք կարող են տեսնել ստուգված, հաստատված արդյունքներ յուրաքանչյուր մի քանի շաբաթը մեկ: Նախագծի ծայրահեղ կառավարումը թույլ է տալիս փոփոխություններ կատարել տեղում և պահանջում է մշտական հաղորդակցում խմբի բոլոր անդամների միջև: Նախագծի ծայրահեղ կառավարումը պետք է օգտագործվի միայն նախագծի իրականացման և փոփոխությունների վերահսկման գործընթացներում, և չպետք է օգտագործվի ընդհանուր ռազմավարության, կանխատեսման կամ նախագծի առաջնահերթությունը սահմանելու համար:






 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals