Ձեռնարկության ռեսուրսների պլանավորում
 

Ձեռնարկության ռեսուրսների պլանավորում

Ներածություն

Ձեռնարկության ռեսուրսների պլանավորումը տարբեր ոլորտներում և կազմակերպություններում ներդրվող բիզնես ծրագրային համակարգերից ամենատարածվածն է: Ձեռնարկության ռեսուրսների պլանավորման հապավումն է ՁՌՊ, այն պարզապես ծրագրային ապահովում չէ: Ձեռնարկության ռեսուրսների պլանավորման սահմանումը վերաբերում է և՛ ՁՌՊ ծրագրային ապահովմանը, և՛ բիզնես ռազմավարություններին, որոնք ներդնում են ՁՌՊ համակարգերը:

 

ՁՌՊ-ը Արտադրական ռեսուրսների պլանավորում (ԱՌՊ) II-ի զարգացումն է (1980թ.), որը հիմնականում վերաբերում էր արտադրական արդյունաբերությանը և նախագծված էր արտադրական գործընթացը վերահսկելու և պահանջվող արտադրանքը արդյունավետ ելքով պլանավորելու համար:

 

Մինչդեռ ԱՌՊ-ն գույքագրման կառավարման և վերահսկման զարգացումն է, որը ծագել է 1960թ. և հիմնականում նախագծված էր որևէ կոնկրետ ոլորտում գույքի կառավարման համար: ՁՌՊ ընդլայնվել է արտադրական գործընթացների համակարգումից մինչև ամբողջ ձեռնարկության վերջնական գործընթացների ինտեգրումը, ինչպես օրինակ արտադրության պլանավորում և տրամադրման ժամանակացույցի կազմում: Տեխնոլոգիաների առումով, ՁՌՊ զարգացել է ժառանգական ներդրումից մինչև ավելի ճկուն հաճախորդ-սերվեր (tiered client-server) ճարտարապետություն:

 

Ի՞նչ է ձեռնարկության ռեսուրսների պլանավորումը

Ձեռնարկության ռեսուրսների պլանավորումը վերաբերում է համակարգչային կիրառական ծրագրին, որն օգտագործվում է բիզնեսի ընդհանուր տեղեկատվական պահոցներից բոլոր ռեսուրսները, գործառույթները և տվյալները համակարգելու և կառավարելու համար:

 

Ձեռնարկության ռեսուրսների պլանավորումը ներառում է տեխնիկական միջոցներ և ծառայություններ, որոնք կարող են կապվել լոկալ ցանցի (տեղային, LAN) միջոցով: ՁՌՊ-ն նախագծումը ադմինիստրատորին թույլ է տալիս վերակազմավորել կամ մոդուլներ ավելացնել համակարգին` պահպանելով տվյալների շտեմարանի հուսալիությունը:

ՁՌՊ սկզբունքորեն բիզնես կառավարման փորձի և արդիական տեխնոլոգիաների ինտեգրումն է: Տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) ինտեգրվում են կորպորատիվ հիմնական բիզնես գործընթացների հետ` կոնկրետ բիզնես նպատակները պարզեցնելու և իրականացնելու համար:

 

Հիմնական բաղադրիչներ

 

Ձեռնարկության ռեսուրսների պլանավորումը հետևյալ երեք կարևորագույն բաղադրիչների միավորում է`

  • Բիզնեսի կառավարման փորձեր (գործելակարգեր)
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Հատուկ բիզնես նպատակներ:

Ավելի պարզ, ՁՌՊ ծրագրային ապահովման խոշոր ճարտարապետություն կամ կառուցվածք է, որն աջակցում է աշխարհագրական առումով ցրված ձեռնարկության ամբողջ տեղեկատվության հոսքին և բաշխմանը` բիզնես գլխամասի բոլոր գործառութային ստորաբաժանումներով մեկ: Այն բիզնես կառավարման ղեկավարներին տրամադրում է ողջ բիզնես գործունեության կատարման մանրամասն ընդհանուր պատկերը, որն իր հերթին արդյունավետ ձևով ազդում է նրանց որոշումների վրա:

 

Ձեռնարկության ռեսուրսների պլանավորման հիմքում ընկած է լավ կառավարվող կենտրոնացված տվյալների շտեմարանների պահոց, որը ստանում է տեղեկատվություն տվյալների շտեմարաններից և տրամադրում է տեղեկատվություն մասնակի (մասնատված) կիրառական ծրագրերի, որոնք գործում են համընդհանուր համակարգչային միջավայրում (universal computing platform):

 

Տեղեկատվությունը խոշոր բիզնես կազմակերպություններում կուտակված է տարբեր գործառութային ստորաբաժանումներում գտնվող տարբեր սերվերային համակարգիչների վրա, որոնք երբեմն իրարից աշխարհագրական սահմաններով առանձնացված են: Նման տեղեկատվական կղզիները հավանաբար կարող են սպասարկել առանձին կազմակերպության ստորաբաժանումներին, բայց չեն կարողանում բարելավել ձեռնարկությունների լայն շրջանակի աշխատանքների կատարումը, արագությունը և իրավասությունը:

 

ՁՌՊ կառուցվածքային տարրերը

Ձեռնարկության ռեսուրսների պլանավորում տերմինը ի սկզբանե հիշեցնում էր այն եղանակը, որով մեծ կազմակերպությունը նախատեսում էր օգտագործել իր կազմակերպչական լայն ռեսուրսները: Նախկինում, ՁՌՊ համակարգերը օգտագործվում էին ավելի մեծ և ավելի արդյունաբերական ուղղվածության ընկերություններում:

 

Սակայն, Ձեռնարկության ռեսուրսների պլանավորման օգտագործումը արմատապես փոխվել է մի քանի տարվա ընթացքում: Այսօր այն կարող է կիրառվել ցանկացած տեսակի ընկերության պարագայում, որը գործում է ցանկացած ոլորտում և ցանկացած ծավալի է:

 

Այսօրվա ՁՌՊ ծրագրային ապահովման ճարտարապետությունը հնարավորինս կարող է ներգրավել ձեռնարկության ամբողջ գործառույթների լայն շրջանակը և ինտեգրել դրանք մեկ միասնական տվյալների շտեմարանի պահոցում: Օրինակ, այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են`

  • Մարդկային ռեսուրսների կառավարում
  • Մատակարարման շղթայի կառավարում
  • Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում
  • Ֆինանսների կառավարում
  • Արտադրական պահեստի կառավարում
  • Լոգիստիկա`նյութատեխնիկական ապահովում

Նախկինում այս բոլոր առանձին կիրառական ծրագրերը սովորաբար տեղակայված էին իրենց սեփական կիրառական ծրագրերի, տվյալների շտեմարանի և ցանցի հետ, բայց այսօր, նրանք բոլորը կարող են աշխատել այսպես կոչված «ՁՌՊ ճարտարապետության մեկ հովանու ներքո»:

 

ՁՌՊ համակարգի գնահատումը

Որպեսզի ծրագրային ապահովման համակարգը համարվի ՁՌՊ, այն պետք է ապահովի բիզնեսը գործառութային մոդուլների լայն հավաքածուով, որոնց աջակցում են այնպիսի հնարավորություններ, ինչպես օրինակ`

  • ճկունություն
  • մոդուլային և բաց
  • լայնատարած
  • լավագույն բիզնես գործընթացներ
  • լավագույն փորձի կիրառում:

Ինտեգրման գործընթացը ՁՌՊ համակարգերի գլխավոր գործոնն է

Ինտեգրման գործընթացը Ձեռնարկության ռեսուրսների պլանավորման համակարգերի բացառիկ կարևոր բաղադրիչ է: Բիզնես գործընթացների միջև ինտեգրման գործընթացը օգնում է զարգացնել հաղորդակցումը և տեղեկատվության տարածումը, հանգեցնելով արտադրողականության, արագության և կատարման նշանակալից աճի:

 

ՁՌՊ համակարգի հիմնական նպատակն է կազմակերպության բոլոր գործառութային ստորաբաժանումներից ինտեգրել գործընթացները և տեղեկատվությունը և միավորել այն հեշտ հասանելի և համակարգված գործավարության համար:

 

Ինտեգրման գործընթացը սովորաբար իրականացվում է մեկ տվյալների շտեմարանի պահոց կառուցելու միջոցով, որը հաղորդակցվում է բազմաթիվ կիրառական ծրագրերի հետ` ապահովելով կազմակերպության տարբեր ստորաբաժանումներին տարբեր տեղեկատվությամբ և բիզնես վիճակագրությամբ:

 

Չնայած կատարյալ կոնֆիգուրացիա կլինի այն, որ ամբողջ կազմակերպության համար մեկ Ձեռնարկության ռեսուրսների պլանավորման համակարգ լինի, սակայն շատ ավելի մեծ կազմակերպություններ սովորաբար կիրարկում են մեկ գործառութային համակարգ և ապա կամաց-կամաց կապակցում են այն այլ գործառութային ստորաբաժանումների հետ: Այս տեսակի կիրարկումը իսկապես կարող է ժամանակատար և թանկ լինել:

 

Կատարյալ ՁՌՊ համակարգ

ՁՌՊ համակարգը կգնահատվի որպես ողջ ձեռնարկության լուծման ճարտարապետության, կառուցվածքի լավագույն մոդել, եթե կապակցի բոլոր ստորև նշված կազմակերպչական գործընթացները կենտրոնական տվյալների շտեմարանի պահոցի և համադրված համակարգչային միջավայրի (fused computing platform) հետ մեկտեղ:

 

Արտադրություն
Ճարտարագիտություն, ռեսուրսների և ունակության պլանավորում, նյութի պլանավորում, գործավարության կառավարում, առևտրի կենտրոնի կառավարում, որակի վերահսկում, նյութերի նախահաշիվներ, արտադրական գործընթաց, և այլն:

 

Ֆինանսներ
Կրեդիտորական պարտավորություն, դեբիտորական պարտավորություն, հիմնական միջոցներ, հաշվապահական գլխավոր գիրք (գրանցամատյան), կանխիկ դրամի կառավարում, և հաշիվների վարում (պայմանագիր/սպասարկում):

 

Մարդկային ռեսուրսներ
Անձնակազմի հավաքագրում, կենսաթոշակներ, առավելություններ, փոխհատուցումներ, վերապատրաստում, վճարացուցակ, ժամանակ և հաճախում, աշխատանքային կանոններ, մարդկանց կառավարում:

 

Մատակարարման շղթայի կառավարում
Գույքագրման կառավարում, մատակարարման շղթայի պլանավորում, մատակարարի ժամանակացույցի կազմում, պահանջների վերամշակում, արտադրանքի պատվերի ղեկավարում ,գնումների պլանավորում, փոխադրում և բաշխում:

 

Նախագծեր
Ծախսերի հաշվարկ, հաշվարկների վարում, գործողությունների կառավարում, ժամանակ և ծախսեր:

 

Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում
Վաճառք և մարքեթինգ, ծառայություն, հանձնաժողովներ, հաճախորդների շփում և հետ վաճառքի աջակցություն:

 

Տվյալների պահեստ
Ընդհանուր առմամբ, սա տեղեկատվության պահեստ է, ուր կարող են մուտք գործել կազմակերպությունները, հաճախորդները, մատակարարները և աշխատողները` իրենց ուսուցման և կողմնորոշման համար:

 

ՁՌՊ համակարգերը բարելավում են արտադրողականությունը, արագությունը և կատարումը

Ինչպես արդեն վերը նշված է նախքան Ձեռնարկության ռեսուրսների պլանավորման մոդելի զարգացումը, ձեռնարկության յուրաքանչյուր բաժին ունեցել է իր սեփական առանձնացված կիրառական ծրագիրը, որը չէր փոխկապակցվում որևէ այլ համակարգի հետ:

 

Նման մեկուսացված շրջանակը չէր կարող սինքրոնացնել ստորաբաժանումների միջև գործընթացները և հետևաբար խոչընդոտում էր ընդհանուր կազմակերպության արտադրողականությանը, արագությանը և կատարմանը:

 

Այս իրավիճակը հանգեցրեց այնպիսի խնդիրների, ինչպիսիք են անհամատեղելի փոխանակման չափորոշիչները, սինքրոնացման կարիքը, ձեռնարկության գործունեության թերի ընկալումը, անարդյունավետ որոշումները և շատ ավելին:

 

Օրինակ` ֆինանսական մասնագետները չէին կարողանում համակարգել գնումների աշխատանքային խմբի հետ գնումների պլանավորումը` հասանելի գումարի շրջանակում:

 

Հետևաբար, ամբողջական ՁՌՊ համակարգի կիրարկումը ողջ կազմակերպությունում հանգեցնում է կատարողականի բարձրացմանը, գործավարության սինքրոնացմանը, տեղեկատվության փոխանակման ստանդարտացված ձևաչափերին, տվյալ ձեռնարկության գործունեության ամբողջական պատկերին, գլոբալ որոշման օպտիմալացմանը, արագության բարձրացմանը և շատ ավելիին:

 

ՁՌՊ համակարգի ներդրումը

Ձեռնարկության ռեսուրսների պլանավորման համակարգի ներդրումը կազմակերպությունում չափազանց բարդ գործընթաց է: Այն պահանջում է բազմաթիվ պարբերաբար պլանավորում, փորձագիտական խորհրդատվություն և լավ համակարգված մոտեցում:

Շնորհիվ իր լայնածավալ շրջանակների այն կարող է նույնիսկ տարիներ պահանջել մեծ կազմակերպությունում ներդրման համար: ՁՌՊ համակարգի ներդրումը ի վերջո առաջացնում է անձնակազմի և աշխատանքային գործընթացների էական փոփոխությունների անհրաժեշտություն:

 

Չնայած, որ ներքին ՏՏ ադմինիստրացիայի համար կարող է գործնական թվալ նախագիծը ղեկավարելու գործընթացը, սակայն սովորաբար խորհուրդ է տրվում խորհրդակցել հատուկ ՁՌՊ ներդրման փորձագետների հետ, քանի որ նրանք հատուկ վերապատրաստված են այս տեսակի համակարգերի կիրարկման գործում:

 

Կազմակերպությունները սովորաբար օգտվում են ՁՌՊ մատակարարների կամ խորհրդատվական ընկերությունների ծառայություններից, որպեսզի ներդնեն իրենց պահանջներին համաձայն տեղայնացված անհատական ՁՌՊ համակարգը: Առկա են երեք տիպի մասնագիտական ծառայություններ, որոնք տրամադրվում են, ՁՌՊ համակարգի ներդրման ընթացքում, դրանք են` խորհրդատվություն, տեղայնացում և աջակցություն:

 

  • Խորհրդատվական ծառայություններ - պատասխանատու են ՁՌՊ ներդրման նախնական փուլերի համար, որտեղ նրանք օգնում են կազմակերպությանը պատրաստ լինել իրենց նոր համակարգի գործարկման, ուսուցման, գործավարության, կոնկրետ կազմակերպությունում ՁՌՊ օգտագործման բարելավման համար:
  •  

  • Տեղայնացման ծառայություններ - աշխատում են ընդլայնել նոր ՁՌՊ համակարգի օգտագործումը կամ փոխել դրա օգտագործումը ստեղծելով հարմարեցված ինտերֆեյսեր և/կամ հիմնական կիրառական ծրագրային կոդ: Մինչդեռ ՁՌՊ համակարգերը մշակված են բազմաթիվ հիմնական ամենօրյա աշխատանքների համար, դեռևս առկա են որոշ կարիքներ, որոնք պետք է ստեղծվեն կամ տեղայնացվեն որոշակի կազմակերպության համար:
  •  

  • Աջակցության ծառայություններ - ներառում են ՁՌՊ համակարգերի և աջակցությունը, և սպասարկումը: Օրինակ, ՁՌՊ թերությունների վերացումը և առաջացած խնդիրների լուծման աջակցությունը:
  •  

    ՁՌՊ ներդրման գործընթացն անցնում է հինգ հիմնական փուլեր, որոնք են` կառուցվածքային պլանավորում, գործընթացի գնահատում, տվյալների յուրացում և մաքրում (Data Compilation & Cleanup), կրթություն և փորձարկում ու օգտագործում և գնահատում:

     

    1. Կառուցվածքային պլանավորում

    Կառուցվածքային պլանավորումը հիմնական և առավել վճռորոշ փուլն է, որտեղ ընտրվում է նախագծի աշխատանքային խումբը, ուսումնասիրվում են առկա բիզնես գործընթացները, մանրամասն ուսումնասիրվում է տեղեկատվական հոսքը կազմակերպության ներսում և նրա սահմաններից դուրս, սահմանվում են կենսական նպատակները, և ձևավորվում է ներդրման մանրամասն պլան:

     

    2. Գործընթացի գնահատում

    Գործընթացի գնահատումը հաջորդ կարևոր փուլն է, որտեղ ուսումնասիրվում են նախատեսված ծրագրային ապահովման հնարավորությունները, բացահայտվում են ավտոմատացման ենթակա բիզնես գործընթացները և կազմվում են ստանդարտ աշխատանքային ընթացակարգերը:

     

    3. Տվյալների յուրացում և մաքրում

    Տվյալների յուրացումը և մաքրումը (Data Compilation & Cleanup) օգնում է բացահայտել փոխակերպման ենթակա տվյալները և անհրաժեշտ նոր տեղեկատվությունը: Կազմված տվյալները այնուհետև վերլուծվում են ճշգրտության ու ամբողջականության համար, հանելով անպետք/անցանկալի տեղեկատվությունը:

     

    4. Կրթություն և փորձարկում

    Կրթություն և փորձարկումը օգնում է ստուգել, փորձարկել համակարգը և ուսուցանել օգտվողներին ՁՌՊ մեխանիզմների գործարկման հարցում: Վերջնական տվյալների շտեմարանը փորձարկվում և հաստատվում է նախագծի աշխատանքային խմբի կողմից` օգտագործելով բազմակի փորձարկման մեթոդներ և գործընթացներ: Ներքին լայնածավալ դասընթացներ են անցկացվում, որտեղ բոլոր շահագրգիռ օգտվողները ծանոթանում և կողմնորոշվում են նոր ՁՌՊ համակարգի գործունեության հարցում:

     

    5. Օգտագործում և գնահատում

    Օգտագործումը և գնահատումը վերջնական և շարունակական փուլն է ՁՌՊ համար: Վերջին ժամանակաշրջանում ներդրված ՁՌՊ կիրարկվել է անմիջականորեն կազմակերպության ներսում, և պարբերաբար ստուգվում է նախագծի աշխատանքային խմբի կողմից ցանկացած թերության կամ սխալի հայտնաբերման և վերացման նպատակով:

     

    ՁՌՊ համակարգերի առավելությունները

    Ձեռնարկության ռեսուրսների պլանավորման ներդրումն ունի բազմաթիվ առավելություններ, դրանցից մի քանիսը թվարկված են ստորև`

    • աշխատանքային գործընթացի բարելավում
    • որոշում կայացնելու համար հասանելի տվյալների մատչելիության բարձրացում
    • ժամանակին տրամադրվող և ճշգրիտ տեղեկատվություն
    • հաճախորդի արագ պատասխանի ապահովում
    • փաստաթղթավորման նվազեցում
    • կատարելապես ինտեգրված համակարգ, որը շաղկապում է բոլոր գործառութային ոլորտները
    • տարբեր կազմակերպչական գործընթացներ և գործավարություններ պարզեցնելու ունակություն
    • տարբեր ստորաբաժանումներով մեկ առանց ջանքերի տեղեկատվություն հաղորդակցելու կարողություն
    • արդյունավետության, կատարման և արտադրողականության մակարդակի բարձրացում
    • հետևողականության և կանխատեսման ընդլայնում
    • սպառողների սպասարկման և գոհունակության մակարդակի բարձրացում:

     

    ՁՌՊ համակարգերի թերությունները

    Չնայած, որ Ձեռնարկության ռեսուրսների պլանավորման համակարգ ներդնող կազմակերպությունների մեծամասնության համար առավելությունները սովորաբար գերակշռում են թերություններին, սակայն առկա են որոշ ամենատարածված խոչընդոտները`

    • Տեղայնացման շրջանակը սահմանափակ է որոշ հանգամանքներում
    • Առկա բիզնես գործընթացները պետք է վերանայվեն, որպեսզի սինքրոնացվեն ՁՌՊ հետ
    • ՁՌՊ համակարգերը կարող են շատ թանկ լինել ներդման համար
      • Վերապատրաստում
      • Ինտեգրում
      • Տվյալների վերլուծություն և փոխակերպում
    • Կարող է շարունակական տեխնիկական աջակցության կարիք լինել
    • ՁՌՊ համակարգերը կարող են լինել շատ խիստ կոնկրետ կազմակերպությունների համար, որոնք կամ նոր են, կամ ցանկանում են մոտ ապագայում շարժվել նոր ուղղությամբ
    • Ժամանակ է պահանջվում այն ներդնելու համար
    • Անվտանգության խնդիրներ:

    ՁՌՊ ցուցանիշներ

    Առկա են Ձեռնարկության ռեսուրսների պլանավորման շատ ցուցանիշներ, դրանցից մի քանիսը նշված են ստորև`

     

    Գույքագրում

    • գույքագրման շրջանառության բարձրացում
    • հնացած գույքագրման նվազեցում
    • փուլային հաշվի ճշգրտություն

     

    Բաշխում

    • առավել բարենպաստ նյութի գնի փոփոխություններ
    • պատվերի կատարման ավելի լավ դրույքաչափ
    • ոչ ճշգրիտ պատվերների պատճառով արտադրանքի վերադարձման նվազեցում

     

    ՏՏ

    • տեղեկատվական համակարգի ծախսերի նվազեցում
    • կենտրոնացված տեղեկատվություն որոշումների համար
    • համակարգի հասանելիություն (աշխատունակության տևողություն)

    Պատվիրատուի բավարարվածություն

    • հավատարմություն
    • տրամադրման ցիկլի կրճատում
    • ապրանքանիշի ճանաչում:

     

    ՁՌՊ ՏՏ-ի համար

    Ձեռնարկության ռեսուրսների պլանավորումը Տեղեկատվական Տեխնոլոգիաների համար (ՁՌՊ ՏՏ-ի համար) նկարագրում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ավտոմատացումը: Հետևաբար, ՁՌՊ ՏՏ-ի համար կենտրոնանում է հենց ավտոմատացված ՏՏ-ի վրա և ոչ թե ՏՏ միջոցով բիզնես գործընթացների ավտոմատացման վրա:

     

    Այսպիսով, ողջ ՁՌՊ ՏՏ-ի համար մոտեցումը և համապատասխան լուծումները վերաբերում են ՏՏ տարբեր ճյուղերին, ինչպիսիք են`

    • Կիրառական ծրագրերի կենսափուլի կառավարում (ԿԾԿԿ)
    • Նախագծի պորտֆոլիոյի (կատարված աշխատանքների) կառավարում (ՆՊԿ)
    • ՏՏ կառավարում
    • ՏՏ ծառայության կառավարում (ՏՏԾԿ)
    • Կիրառական ծրագրերի կատարման կառավարում (ԿԾԿԿ)
    • Բիզնես գործունեության մոնիթորինգ (ԲԳՄ)
    • Ձեռնարկության ճարտարագիտության կառավարում (ՁՃԿ)
    • Ծառայություն կողմնորոշված (Service-Oriented) ճարտարագիտություն (ԾԿՃ)
    • ՏՏ ակտիվների կառավարում (ՏՏԱԿ)
    • Տեղեկատվության անվտանգություն
    • Գիտելիքի կառավարում
    • Ձեռնարկության բովանդակության կառավարում (ՁԲԿ)
    • Բիզնես ծառայության կառավարում (ԲԾԿ)

    «Ձեռնարկությունների ռեսուրսների պլանավորում» (ՁՌՊ) տերմինը կարող է լինել փոքր-ինչ շփոթեցնող բիզնես լուծումների համար նրա օգտագործման պատճառով: Ձեռնարկությունների ռեսուրսների պլանավորման ծրագրային ապահովումը կարող է մանրամասն կառավարել խոշոր ձեռնարկության ռեսուրսների ոլորտի կարիքները (գումար, արտադրողական կապիտալ, մարդիկ, ապրանքների կամ տեղեկատվության պաշար): Եվ ռեսուրսների հիմնական ոլորտից միայն տեղեկատվությունն է (այսինքն` ՏՏ), որը կարիք ունի մատակարարների կողմից առաջարկվող ինտեգրված լուծումների, ինչպիսիք են, օրինակ մնացած բոլոր ոլորտների համար SAP ERP կամ Oracle E- Business Suite-ի կողմից առաջարկվող լուծումները:

     

    Համապատասխանաբար, ՁՌՊ ՏՏ-ի համար կենտրոնանում է ավելի լայն շրջանակի համար ընդունելի, ինչպես նաև տարբեր մոդուլների բազմակողմանի ինտեգրման վրա, ինչպես որ ՁՌՊ համակարգն է գործում: ՁՌՊ ՏՏ-ի համար տրամադրում է գործընթացի վրա կենտրոնացած լուծում բարդ տեղեկատվական կառուցվածքներում, որոնք ներդրվում են համապատասխան տվյալների շտեմարաններում ՏՏ կազմակերպության համար` ՏՏ կառավարելու համար: Ներգրավված ոլորտների տվյալ բարդության պատճառով ՏՏ ծառայությունները պետք է լինեն թափանցիկ և հնարավորություն տան ՏՏ-ին կառավարելու կազմակերպչական և տեխնիկական կախվածությունները: ՁՌՊ ՏՏ-ի համար ցույց է տալիս տրամադրվող ծառայությունների արժեքը, ինչպես նաև առավելությունը: Նրանք պետք է լինեն չափելի և նպաստեն ընդհանուր բիզնես պատկերացմանը և ռազմավարությանը որպես առանձին մասեր:

     

    Ամեն դեպքում, արդյունաբերության չափորոշիչների ճիշտ հիմնադրման միջոցով` փաստացի (դե ֆակտո), միավորված, կարող է առաջանալ Ձեռնարկությունների ռեսուրսների պլանավորում տեղեկատվական տեխնոլոգիաների համար լուծում, որն արմատապես կբարելավի ՏՏ ձեռնարկության արդյունավետությունը:






     
     
    © 2017 Association of Modern Technologies Professionals